Գների կայունության ապահովումը

Գների կայունության կարևորությունը

Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերը, ՀՀ կենտրոնական բանկը ևս նպատակ է հետապնդում ապահովել գների կայունությունը: Գների կայունությունը մակրոտնտեսական կայունության կամ տնտեսական գործունեության համար կայուն պայմանների ստեղծման հիմնական նախադրյալներից է: Գների կայունության ապահովմամբ ԿԲ-ը նպաստում է երկարաժամկետ հատվածում բարձր տնտեսական աճին, հետևաբար բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Միջազգային փորձի հիման վրա իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ բարձր և տատանողական գնաճը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը: Մասնավորապես, բարձր և տատանողական գնաճի պայմաններում, որն, ի դեպ ուղեկցվում է նաև գների փոփոխման հետագա անորոշությունների մեծացմամբ, կրճատվում են իրական եկամուտներն ու խնայողությունները, ինչպես նաև երկարաժամկետ բիզնես ծրագրերում ներդրումները:

Ֆինանսական կայունության ապահովման խնդիրը առավելապես կարևորվել է 2007-2008թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, երբ պարզ դարձավ, որ առանձին ֆինանսական կազմակերպությունների կարգավորմանն ուղղված քաղաքականությունը դեռևս լիարժեք և բավարար չէ ամբողջ ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար: Միևնույն ժամանակ, առանց ֆինանսական համակարգի կայունության հնարավոր չէ ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր։    Ֆինանսական կայունության ապահովման կարևորությունը հաշվի առնելով՝  մի շարք երկրներում ֆինանսական կայունության ապահովումը օրենսդրորեն ամրագրվել է որպես կենտրոնական բանկերի առաջնային նպատակներից մեկը: ​

Կենտրոնական Բանկի բնորոշմամբ ֆինանսական կայունությունը ֆինանսական համակարգի՝ ֆինանսական հաստատությունների, շուկաների և շուկայի ենթակառուցվածքների կողմից հավանական ցնցումներին ու անհավասարակշռություններին դիմակայելու ունակությունն է՝ այդ կերպ նվազեցնելով ֆինանսական միջնորդության գործառույթների խաթարման հավանականությունը:​ Ֆինանսական կայունության նպատակը ոչ թե մեկ առանձին ֆինանսական հաստատության կայունությունն է, այլ ամբողջ ֆինանսական համակարգի կայունությունը:​

Оставьте комментарий